«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն իր դրվածքային հզորությամբ ԼՂՀ խոշորագույն հիդրոէլեկտրաէներգիա արտադրող ընկերությունն է, որը արտադրության գործընթացում օգտագործում է բացառապես վերականգնվող աղբյուրներ` մատակարարելով մաքուր և անվտանգ էներգիա:
Ներկայումս «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորությունը կազմում է 58.9 ՄՎտ` ներառելով «Սարսանգ» ՀԷԿ-ինը` 50 ՄՎտ (2 տուրբին, 25-ական ՄՎտ հզորության), «Թրղի-1» ՓՀԷԿ-ինը՝ 3 ՄՎտ (3 տուրբին, 1-ական ՄՎտ հզորության), «Թրղի-2» ՓՀԷԿ-ինը՝ 5.9 ՄՎտ (2 տուրբին, 3-ական ՄՎտ հզորության):
Սարսանգի ՀԷԿ-ի կողմից վերջին տարիներին արտադրած էլեգտրաէներգիայի տարեկան միջին ծավալները եղել են 90-140 մլն ԿՎտ/ժամ: 2011թ. «ԱՐՑԱԽ ՀԷԿ»-ի արտադրանքի ծավալը կազմել է 104,2 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա՝ կանխատեսվող 161.25 մլն ԿՎտ/ժամ-ի փոխարեն: Արդյունքում 2011թ-ին Ընկերությունը բավարարել է ԼՂՀ-ի էլեկտրաէներգիայի պահանջարկի /232.9 մլն ԿՎտ/ժամ/ ավելի քան 76.3%-ը: Պահանջարկի մնացած մասը բավարարվել է ՀՀ-ից ներմուծված էլեկտրաէներգիայի հաշվին:
2012թ. «ԱրցախՀԷԿ»-ի արտադրանքի կանխատեսվող ծավալը կկազմի 170,2 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա։
Բացի գործող հզորությունների շահագործումից «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն ԼՂՀ տարածքում շարունակում է իրականացնել փոքր ՀԷԿ-երի շինարարության աշխատանքներ: 2012թ-ի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվում է շահագործման հանձնել 2 նոր ՀԷԿ-եր` 4.8 ՄՎՏ հզորությամբ «Մատաղիս-1» և 3 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Մատաղիս-2» ՓՀԷԿ-երը: 2012թ-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀԷԿ-երի շինարարության աշխատանքներն իրականացված են, արտերկրից գնված սարքավորումների տեղադրումն իրականացված: Ներկայումս ընթանում է սարքավորումների փորձարկում` Չինաստանից հրավիրված մասնագետների միջոցով: Փորձարկման աշխատանքներից հետո նորակառույց կայանները կհանձնվեն շահագործման:
ՀԷԿ-երի շինարարության ծրագրերը ֆինանսավորվում են բաժնետոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների և փոխառությունների հաշվին: Ընկերությունը առաջին անգամ իր բաժնետոմսերը հանրությանն առաջարկել է 2009թ-ին:
Ընդհանուր առմամբ, Ընկերությունը կազմակերպել է բաժնետոմսերի 3 հրապարակային տեղաբաշխում.
1-ին՝ 2009թ. հունվար–մայիս, որի արդյունքում տեղաբաշխվել է 862.074 բաժնետոմս՝ յուրաքանչյուր բաժնետոմսի համար 1.000 դրամ անվանական արժեքով,
2-րդ՝ 2010թ. նոյեմբերից–դեկտեմբեր, որի արդյունքում տեղաբաշխվել է 1.400.000 բաժնետոմս՝ յուրաքանչյուր բաժնետոմսի համար 1.000 դրամ անվանական արժեքով,
3-րդ՝ 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր, որի արդյունքում տեղաբաշխվել է 3.287.926 բաժնետոմս, յուրաքանչյուր բաժնետոմսի համար 1.000 դրամ անվանական արժեքով։
Նշված բաժանորդագրումների արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալն աճել է 5 մլրդ 550 մլն դրամով՝ և այսօր կազմում է 10 մլրդ 650 մլն դրամ։
Կանոնադրական կապիտալի կառուցվածքը բաժնետոմսերի 3-րդ տեղաբաշխումից հետո ընդունել է հետևյալ կառուցվածքը`
47.89 %, կամ` 5.100.000.000 դրամ – ԼՂՀ Կառավարություն,
35.0 %, կամ` 3.726.863.000 դրամ - թվով 4 խոշոր բաժնետերեր,
17.11 %, կամ` 1.823.137.000 դրամ - 1261 փոքր բաժնետերեր:
Այսպիսով, Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 1265 բաժնետեր՝ աշխարհի 10 երկրներից։
Ընկերության բոլոր բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի երկրորդային` B ցուցակում։ Ընկերության բաժնետոմսերի իրացվելիությունն ապահովում է «Արմսվսիբանկ» ՓԲԸ-ն, որն ապահովում է բաժնետոմսերի առուվաճառքի ամենօրյա գնանշումները: «Արմսվիսբանկ»-ը հանդիսանում է նաև «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի տեղաբաշխողն ու հաշվարկային բանկը: